Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ Է, ԱՅԼԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ Է, ԱՅԼԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10.11.2009 | 00:00

Հայաստանի կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները լուրջ արձագանք են գտնում հասարակության բոլոր շերտերում, քանի որ յուրաքանչյուր ընտանիք առնչվում է կրթությանը։ 2003 թվականից մշակվում ու քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը: Այդ ընթացքում փոխվեցին մի քանի նախարարներ, իսկ օրենքն ընդունվեց ընդամենը վերջերս։ Նախկինում հանրակրթությունը կարգավորվում էր «Կրթության մասին» ՀՀ օրենքով ու այլ իրավական ակտերով: Հանրակրթության մասին օրենքի դրույթների և հանրակրթության բարեփոխումերի շուրջ զրուցեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։ Ըստ նրա՝ հանրակրթության մասին օրենքը ենթադրում է նոր փիլիսոփայություն հանրակրթության ոլորտում։
Ցանկացած օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվում են թերի, բաց կողմերը, որոնք հետագայում լրամշակվում ու կատարելագործվում են։ Օրենքը ենթադրում է բավականին շատ ենթաօրենսդրական ակտերի ընդունում։ ԿԳՆ-ում ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ կարգերի մշակմամբ։ Ի՞նչ նորություններ է մտցրել հանրակրթության մասին օրենքը միջնակարգ կրթության համակարգում։ Արտակ Պողոսյանը տեղեկացնում է, որ հանրակրթության մասին օրենքով նախատեսված է երկու շատ կարևոր խնդիր՝ առաջինը տնօրենների հավաստագրման հարցն է։ Այսինքն՝ տնօրեն աշխատելու իրավունք պետք է ձեռք բերել. եթե որևէ մեկը ցանկանում է դպրոց ղեկավարել, անպայման պետք է անցնի վերապատրաստում, տա սերտիֆիկացման քննություն և ձեռք բերի դպրոցում տնօրեն աշխատելու իրավունք։ Վերապատրաստման ծրագրերն այժմ մշակման փուլում են։ Հանրակրթության մասին օրենքը նախանշում է այն ոլորտները, որոնց գիտելիքների իմացությունը պարտադիր է դպրոցի տնօրենի համար։ Ըստ հանրակրթության վարչության պետի տեղակալի՝ տնօրենը պետք է լինի մանկավարժ-մենեջեր։ Պետք է ունենա գիտելիքներ մանկավարժությունից, հոգեբանությունից, իրավաբանությունից, տնտեսագիտությունից. «Այս նոր համակարգի ներմուծումից հետո մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն, որպեսզի ունենան համապատասխան հավաստագիր և մասնակցեն մրցույթին։ Փոխվել է նաև տնօրենների նշանակման կարգը։ Նախկինում տնօրեններին նշանակում էին պետական լիազոր մարմինները՝ մարզպետները, Երևանի քաղաքապետը։ Այժմ այդ լիազորությունը վերապահված է դպրոցի խորհրդին, որն էլ ընտրում ու նշանակում է կրթօջախի ղեկավարին և նրա հետ կնքում պայմանագիր հիմնադրի անունից»։
Երկրորդ կարևորագույն խնդիրն ուսուցիչների ատեստավորումն է։ Հանրակրթության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առանցքային դերը պատկանում է ուսուցչին: Հանրակրթության մասին օրենքը նախատեսում է երկու տեսակի ատեստավորում. պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային ատեստավորում, և բարդ ընթացակարգով, որը ենթադրում է որակավորման որոշակի տարակարգերի շնորհում։ Այսինքն՝ ներուծվում է «ուսուցիչների տարակարգ» հասկացությունը, ինչը ենթադրում է համապատասխան որակավորման տարակարգերի մշակում և ըստ դրանց՝ նաև համապատասխան աշխատավարձ։ Օրենքը նախատեսում է ատեստավորում 5 տարի պարբերականությամբ, սակայն եթե ուսուցիչը ցանկություն ունի իր որակավորման տարակարգը բարձրացնելու, կարող է դիմել արտահերթ ատեստավորման։ Այսպիսով՝ մտցվում է մանկավարժին շահագրգռող մեխանիզմ։ «Սա, իհարկե, ֆիլտր է, բայց ոչ վերջնական,- նշում է Ա. Պողոսյանը։- Մենք ունենք նաև ուսուցչի մտածելակերպի փոփոխման խնդիր։ Նա հստակ պետք է պատկերացնի՝ ինչ է անում դպրոցում։ Օրենքի մյուս նորամուծությունն ուսուցչի թափուր տեղը մրցույթով լրացնելու կարգն է։ Այն ենթադրում է, որ ուսուցչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում տնօրենը չի կարող իր հայեցողությամբ կատարել կադրային նշանակում։ Նա պարտավոր է մրցույթ անցկացնել։ Մրցութային կարգը պետք է սահմանի կրթության և գիտության նախարարությունը։ Մեր նպատակն է, որ մրցութային կարգով դպրոց մտնի որակյալ ուսուցիչ»։
Նախորդ երեք տարիներին հանրապետությունում կիրառվել է 12-ամյա դպրոցին անցնելու փորձնական ծրագիր, այսօր Հայաստանում գործում է 48 ավագ դպրոց։ Սակայն այստեղ խնդիրներ կան. դրանք լիարժեք ավագ դպրոց անվանել հնարավոր չէ, քանի որ ունեն 2-10-րդ դասարաններ։ Ա. Պողոսյանը բացատրում է, որ պետական լիազոր մարմինը՝ կրթության և գիտության նախարարությունը, ավագ դպրոց ձևավորելու հարցում չգնաց կտրուկ քայլերի՝ հետագա ցնցումներից խուսափելու համար։ Որոշվեց ավագ դպրոցներում չընդունել 1-ին դասարան, որպեսզի դասարանները մարվեն աստիճանաբար։ Հակառակ դեպքում հստակ չէր, թե ինչպես պետք է վերաբաշխվեին այդ դասարանները, ինչպես պետք է լուծվեր ուսուցիչների զբաղվածության հարցը։ «Այս ամենը, բնականաբար, կառաջացներ բավականին մեծ սոցիալական խնդիրներ։ Այդ էր պատճառը, որ կտրուկ քայլերի ԿԳՆ-ն չդիմեց։ Նոր համակարգը միտված է նրան, որ աշակերտը, 10-րդ դասարան գնալով, արդեն ունենա մասնագիտական կողմնորոշում, քանի որ դպրոցներում նախատեսված է հոսքային ուսուցում, ինչն ավելի սահուն կդարձնի անցումը դպրոցից բուհ։ Ավագ դպրոցի համակարգը նոր է, և հասարակությունը պետք է հասկանա, որ 9-12-րդ դասարանները ոչ թե նախորդ տարիներին անցածի կրկնությունն են, այլ առավել խորացված ուսուցում։ Բնականաբար, անցումային շրջանում կլինեն որոշակի դժվարություններ, պետք է մշակվեն ծրագրեր, ստեղծվեն նոր դասագրքեր, պետք է փոխվի հենքային ուսումնական պլանը։ Եվ այդ ամենը 1-2 տարում հստակ պետք է աշխատի, որպեսզի ունենանք ցանկալի արդյունքներ»։
Հանրակրթությունը ենթադրում է ուսուցում և դաստիարակություն, սակայն դաստիարակության բաղադրիչը երկրորդ պլան է մղված, և կրթության այս երկու բաղադրիչների ներդաշնակություն առայժմ չկա։ Համակարգված աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում, թեև, ըստ Ա. Պողոսյանի, նախաձեռնվել է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի մշակումը. «Սա շատ կարևոր գործընթաց է, քանի որ պետությունը պետք է ձևակերպի, թե ինչ քաղաքացի է ուզում ունենալ և սկսած նախակրթարանից՝ աշխատանքներ տանի այդ քաղաքացու ձևավորման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ արժեքների կրող պետք է լինի իր քաղաքացին, և, բնականաբար, այդ գործոնը պետք է մտնի հանրակրթության համակարգ։ Հանրակրթության բնագավառի կարևոր խնդիրներից է նոր կրթակարգ ձևավորելը, որը կամրագրի, ավելի կհստակեցնի այն արժեքային համակարգերը, որոնք պետք է լինեն ապագա քաղաքացու ձևավորման հիմքում։ Այստեղ մեծ դերակատարություն պետք է ունենան հասարակությունը, կուսակցությունները, քանի որ կուսակցություններն ունեն գաղափարախոսություն և իրենց իշխանությունը տարածում են որոշակի հասարակական զանգվածի, իրենց գաղափարը կրողների վրա»։ Այս համատեքստում Ա. Պողոսյանը կրթական ոլորտը կուսակցականացնելու վտանգ չի տեսնում. «Ցանկացած կուսակցության նպատակը, անկախ նրա գործունեության դաշտից ու քաղաքական ուղղվածությունից, լավ պետություն ունենալն է, որի հիմքում պետք է դրված լինեն ազգային գաղափարները։ Մենք պետք է հասկանանք, որ 21-րդ դարում առանց ուժեղ պետության ոչ մի էթնիկ զանգված չի կարող իր շահերը պաշտպանել։ Փաստ է, որ միայն ուժեղ պետությունը կարող է իր քաղաքացու իրավունքները պաշտպանել։ Եվ եթե մենք դաստիարակության հիմքում դնենք ազգային, ամուր պետականություն ու այդ պետականության նկատմամբ հարգանք ձևավորելու գաղափարները, ապա ինչ քաղաքական համակարգ էլ փոխվի, քաղաքացին գիտակցելու է, որ ինքը պետք է ծառայի իր երկրին, որն էլ պաշտպանելու է իր իրավունքները։ Քաղաքացի դաստիարակելը պետության կարևորագույն գործառույթներից է, և այն բարձիթողի վիճակում թողնել չի կարելի։ Եվ թող չթվա, թե դա դեմ է ազատականությանը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներին։ Ո՛չ, ժողովրդավարությունը չի ենթադրում անարխիա, չի ենթադրում ամենաթողություն։ Ժողովրդավարությունը ևս ենթադրում է որոշակի կարգ, որոշակի արժեքների պահպանում»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ